Featured post

Առաջին դասարանի ընդունելություն

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 2017-2018 ուստարվա առաջին դասարանցիների ընդունելության համար փաստաթղթերն ընդունվում են 2017թ. հունիսի 01-ից օգոստոսի 31-ը` աշխատանքային օրերին, ժամը 13:00-16:00-ին:
Դպրոցի առաջին դասարան կարող են ընդունվել այն երեխաները, որոնց 6 տարին լրացել կամ լրանալու է մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ

Ներկայացնել  հետևյալ  փաստաթղթերը.

  1. Դիմում դպրոցի  տնօրենի  անունով
  2. Ծննդյան վկայականի բնօրինակը և պատճենը
  3. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք
  4. Երկու լուսանկար 3×4 չափսի
  5. Ծնողի անձնագրի բնօրինակը և պատճենը

Մանրամասների համար կարող եք դիմել դպրոցի ընդունարան` (հեռ. 2-66-52)

 

Թափուր աշխատատեղեր

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթներ` Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի տղաների տեխնոլոգիայի (10 դասաժամ), ինֆորմատիկայի (2 դասաժամ), անգլերենի (9 դասաժամ), մաթեմատիկայի (16 դասաժամ) և ֆիզկուլտուրայի (9 դասաժամ)  ուսուցիչների թափուր տեղերի համար:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

  1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
    2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի համապատասխան որակավորման վերաբերյալ,
  2. Անձնագրի պատճենը,
  3. Ինքնակենսագրություն (Ձև 4)
  4. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
    6. Մեկ լուսանկար` 3X4 չափի:
    7.Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք:
    8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև  հոկտեմբերի  «09»-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-15:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. հոկտեմբերի  «12»-ին, ժամը 14:00-ին  ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում, հասցեն`ՀՀ Լոռու մարզ, ք, Վանաձոր, Իսահակյան 1-ին նրբանցք, 3-1:
Տեղեկությունների համար զանգահարել` 0322-2-66-52 հեռախոսահամարով:

Կրկին սեպտեմբեր

Աշունը եկել, մեր դուռն է թակում,
Դռները բացեք, դպրոցն է կանչում…
Այս խոսքով սկսվեց Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի առաջին զանգի և գիտելիքի օրվան նվիրված հանդիսությունը:
Տնօրենի տեղակալ Գ. Հակոբյանը ողջունեց կրթօջախի հին ու նոր սաներին, ուսուցիչներին, ծնողներին և հարգարժան հյուրերին:
Բարեմաղթանքի ու շնորհավորանքի խոսքով հանդես եկավ դպրոցի սիրված տնօրեն  Տ. Հովսեփյանը:
Դպրոցի նախկին սան, բարեգործ Նորիկ Աբրահամյանը հերթական անակնկալը մատուցեց` I դասարանցիներին գրենական պիտույքներ նվիրելով:
ԱԺ պատգամավոր Ա. Համբարձումյանը նույնպես նվերներ էր ուղարկել I դասարանցիներին:
Հանդիսությանը ներկա էր նաև համայնքապետի առաջին տեղակալ Ա. Գրիգորյանը: Վերջինս ջերմ խոսքերով շնորհավորեց փոքրիկներին և ծաղկեփնջեր նվիրեց նրանց դասվարներին:
Երաժշտությունն ու աշակերտների սքանչելի պարը տոնական շուք էին հաղորդում հանդիսությանը:
Կրթօջախի կամարների ներքո ժպիտն ու ուրախությունն էր թևածում…

Գիրքը՝ հավերժ ուղեկից

2017 թվականի փետրվարի 17-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի IVգ դասարանում (դասվար՝ Թ. Հովսեփյան) տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ նվիրված գիրք նվիրելու օրվան:
Տոնի խորհուրդը սովորողները լավ էին ընկալել, դա զգացվում էր նրանց խոսքից: Եվ քանի որ տոնը համընկնում էր ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրվա հետ, երեխաները արտասանեցին նրա ստեղծագործությունները, բեմադրեցին «Բարեկենդանը»  հեքիաթը, միմյանց նվիրեցին գրքեր և խոստացան, որ գիրքը միշտ կլինի իրենց կյանքի ուղեկիցը:
Դասն ամփոփեց դպրոցի տնօրենի տեղակալ Գ. Հակոբյանը: Նա իր բավականությունն արտահայտեց հետաքրքիր դաս-միջոցառման կազմակերպման համար, գովաբանեց  գեղեցիկ ասմունքող աշակերտներին, և ասաց, որ Թումանյան ծնող ժողովուրդը չի կարող անտարբեր լինել գրքի նկատմամբ:
Նա, ով ձեռքին գիրքն ունի իբրև բարեկամ, երբեք չի սայթաքի կյանքում:

Հայերեն Աստվածաշունչ մատյան կամ Ոսկանյան տպագրություն

Կրկին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց, ու կրկին 6 ա դասարան (ուսուցիչ Հ. Լոռյան) : 2016 թվականի դեկտեմբեի 21-ին վեցերորդցիները պատրաստ էին անդրադառնալ հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի թարգմանության 350-ամյակին: Առաջին Աստվածաշունչը հրատարակվել է Ոսկան արք. Երևանցու ջանքերով 1666թ. Ամստերդամում, հենց այս խոսքերով իրենց փորձարարական դասն սկսեցին աշակերտները: Դասն ուղեկցվում էր Տերունական աղոթքով և աշակերտների կողմից պատրաստված սլայդ-տեսանյութով, այնուհետև աշակերտները ներկայացրեցին Սուրբ գիրքը փառաբանող հրաշալի կատարում: Դասի ընթացքում կարևորվեց հայոց եկեղեցու դերր որպես գաղափարական հզոր զենք, որը դարեր շարունակ կատարել է պետության գործառույթները և դարձել ազգային նկարագրի անբաժանելի մաս: Դասին ներկա էր Քրիստոնեական դաստիարականության կենտրոնի Լոռու տարածաշրջանի ներկայացուցիչ Վերա Գրիգորյանը, հենց նա էլ վերջում անդրադարձ կատարեց Աստվածաշնչի տպագրության կարևորությանն ու Սուրբ Գրքի տպագրության պատմության վերաբերյալ հետաքրքիր մանրամասերին:

Կաթիդ փարան չմոռնա՛ս, մամա՛

«Մեր մեծերը»  միջոցառումների շրջանակում Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ նվիրված սփյուռքահայ գրող Վահե Հայկի ծննդյան 120- ամյակին: Միջոցառումն անցկացրեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Սիմոնյանը յոթերորդ բ դասարանի աշակերտների միջոցով:
Դասասենյակում փակցված էր արևմտահայ գրողների նկարները, որոնց շարքում նաև՝ Վ. Հայկի նկարները: Աշակերտները բացահայտեցին Վ. Հայկին որպես արևմտահայ գրող, խմբագիր, բանասեր և պատմաբան, քաղաքական գործիչ, հայապահպան  և հայրենասիրական ստեղծագործությունների հեղինակ:
Դասն սկսվեց: Սովորողները ներկայացրին գրողի կենսագրությունը, ապա հակիրճ ներկայացվեց կորուսյալ հայրենիքի պատկերը, օտար միջավայրի ազդեցությունը տարագիր հայերի հոգեբանության վրա,նրանց պայքարը ազգային նկարագրի պահպանման համար:
Սկսվեց  «Կաթիդ փարան չմոռնա՛ս, մամա՛» պատմվածքի գրական դատը:
Հաղորդավար Շահանե Խաչատրյանը նախ համառոտ պատմեց ստեղծագործության բովանդակությունը, ապա Սերյոժան, Էդուարդը, Արտյոմը, Անահիտը, էրիկը սկսեցին դատավարությունը: Մասնակիցները բարեհաջող կատարեցին իրենց դերը, հրաշալի էին խոսում արևմտահայերեն: Զգայացունց էր աշակերտների կողմից ներկայացվող կերպարների բնութագրումը :
Փոխտնօրեն Գ. Գրիգորյանը հարցեր ուղղեց ունկնդիրներին` պարզելու ինչ ազդեցություն  է գործել պատմվածքը նրանց վրա:
Պատասխանը միանշանակ էր. բոլորին համակել էր անզոր ու խեղճ ծեր մոր նկատմամբ անսահման սերը, խղճահարությունը և ատելությունը դեպի անհոգի ու անսիրտ նպարավաճառը:
Տեղի ունեցավ առողջ  բանավեճ աշակերտների միջև:
Վերջում հնչեց Շ. Պետրոսյանի կատարմամբ  «Պատրանքի թևով» երգը, որը մեկ անգամ ևս հուզեց ներկաներին:

Գրիգոր Զոհրապը գրող, փաստաբան, հասարակական գործիչ

«Մեր մեծերը» միջոցառումների  շրջանակում Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները  կազմակերպել էին  դաս- միջոցառում` նվիրված  Գրիգոր  Զոհրապին:
Աշակերտները ծանոթացան Գր. Զոհրապի կյանքին, նրա հասարակական-գրական գործունեությանը: Ներկայացրին նրա կյանքի այն հատվածը, երբ Թուրքիայում իշխանության  եկան երիտթուրքերը, և հայ մտավորականությունը փորձեց հավատալ նրանց կարգախոսներին` «Ազատություն, եղբայրություն, հավասարություն»: Աշակերտները նածապես ծանոթացել էին նրա կյանքին, անհանգստությանը, այն վտանգին, որը սպառնում էր հայ ժողովրդին, ներկայացրին Զոհրապի և Թալեաթ փաշայի զրույցը, որտեղ Զոհրապի հանրահայտ խոսքը հնչեց որպես նախազգուշացում` «Որու՞ թողում աս անտեր ու անգլուխ ժողովուրդը»:
Աշակերտները ծանոթացան նրա գրական ժառանգությանը, ներկայացրին նրան որպես գրող, փաստաբան, հասարակական գործիչ:
Ներկայացնելով Զոհրապի հայանպաստ գործունեությունը` աշակերտները ուսուցչի հետ ծանոթացան ժամանակակից հայ սփյուռքին, նրա առջև ծառացած խնդիրներին, քննարկեցին այն հարցը, թե ինչպես կարո ղէ հայ աշակերտը աջակցել հայապահպան խնդիրներին:
Աշակերտների պատրաստած պատի թերթերից  իրենց էր նայում Գր, Զոհրապը` «մի քիչ մեծամիտ, միշտ խնամքով հագնված, գեղեցիկ ու հմայիչ Զոհրապը»:

Համագործակցության սկիզբ

2016թ. դեկտեմբերի 2-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի աշխորհուրդը հրավիրել էր Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի աշխորհրդի նախագահին և անդամներին դպրոցի կազմակերպիչ Աիդա Սարուխանյանի գլխավորությամբ: Այդ օրը դպրոցում նաև անց էր կացվում Կարմիր խաչի ընկերության կողմից իրականցվող «Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում «Աղետները երեխաների աչքերով» նկարչական մրցույթը, որին ներկա եղան հյուրերը, հետևեցին երեխաների աշխատանքին:
Դպրոցի տնօրենի տեղակալ Գ. Հակոբյանը նրանց ծանոթացրեց դպրոցին, ներկայացրեց վերջին տարիների հաջողությունները, որից հետո աշխորհրդի նախագահ Գ. Քալաշյանը հյուրերի հետ շրջեցին դպրոցում, ծանոթացան դասարանների ձևավորմանը, եղան գրադարանում, ինֆորմատիկայի կաբինետում:
Երկու դպրոցների աշխորհրդի անդամները պայմանավորվեցին հետագա համատեղ աշխատանքների մասին:

Վանաձորի քսաներեքերորդցիները ծրագրավորման ժամին

2016թ. դեկտեմբերի 5-ին առաջին անգամ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ <<Ծրագրավորման ժամ>> (Hour of Code) միջոցառումը, որին մասնակցեց 100-ից ավելի աշակերտներ: Միջոցառմանը իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի աշակերտները՝ թվով 30:
Միջոցառումը հնարավորություն տվեց աշակերտներին գրել իրենց առաջին կոդը, սկսել զբաղվել ծրագրավորմամբ:
Աշակերտների ոգևորությունը մեծ էր, քանի որ նրանցից շատերն իրեն տեսնում են որպես ապագա ծրագրավորող:

Պիտի խմած լինես ամբողջ կուլտուրան, որ արվեստագետ լինես

Ազգասիրությունը բազմահանգույց կոնցեպցիա է: Ամեն մի հայ և, առավել ևս ամեն մի պատասխանատու գործի մարդ պիտի իր ճիշտ ներդրումն ունենա անսահման կարևոր այդ գործընթացին: Գիտակցական նման վերաբերմունքով հանդես գալով` Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի ուսուցչուհի Հայկուշ Լոռյանը նոյեմբերի 29-ին կազմակերպեց հեռավար դաս-միջոցառում` նվիրված հայ մեծ արվեստագետ` նկարիչ-գոբելենագործ, հասարակական գործիչ Գրիգոր Խանջյանի ծննդյան 90-ամյակին: Չթաքցնելով իր անձնական մեծ հետաքրքրությունը ուսուցչուհին կարողացել էր պրպտել և գտնել հետաքրքրաշարժ փաստեր մեծ նկարչի կյանքից: Քսաներեքերորդցիները նոյեմբերի 25-ին այցելեցին նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Խանջյան ցուցասրահ ու մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին վարպետի ինքնատիպ գործերը, որոնք մշտապես ողողված են լույսի ու ստվերի հակադրությամբ: Դասապրոցեսի նորույթը նշանակալի էր` դասը հեռավար էր: Արդի տեխնիկայի թույլատրելի սահմաններում անմիջական կապ հաստատվեց Խանջյանի ամենամեծ ստեղծագործության` նրա որդու` Արա Խանջյանի հետ: Անթաքույց որդիական հուզմունք կար նրա խոսքերում: Արա Խանջյանը անչափ համեստորեն ներկայացրեց հոր համամիութենական մեծ ճանաչում ունեցող գործընթացը և հետո սպառիչ պատասխաններ տվեց աշակերտների հարցերին: Դասի ողջ ընթացքը պարբերաբար ուղեկցվում էր սլայդ-տեսանյութերով: Ուսուցչի զուսպ, բայց անչափ հետաքրքիր ու ինքնատիպ մոտեցման շնորհիվ դասի գեղարվեստական մասը ապահովեցին վառվող մոմերը և ջութակի կենդանի նվագակցությունը: VII ա դասարանի աշակերտ Վրեժ Հովսեփյանը այդ կարճ ժամանակահատվածում նկարեց մեծ նկարչի դիմանկարը, որը Ա. Խանջյանի և ներկաների հիացական գնահատականին արժանացավ: Շնորհավորանքի խոսքեր հնչեցին դպրոցի տնօրեն Տ. Հովսեփյանի և ներկա ուսուցիչների կողմից՝ նման ուսանելի դաս միջոցառման համար: Արվեստն է, որ պիտի արտահայտի արվեստագետի հոգին, իրերի հոգին, մարդու հոգին, նա պիտի մեկնաբանի պատկերներով` մեր ներաշխարհը, նա պիտի թարգմանի բնությունը: Նա պետք է տա ո՛չ թե իրականությունը, այլ նրա զգայությունը, զգացումը և պատրանքը: Ո՛չ թե, օրինակ, նկարի մեջ երկաթուղու արագությունը տա, կամ հողմի, կամ գետի, այլ նրա զգայությունը, այսինքն` զգանք մենք արագությունը: Իր այս խոսքերով ավարտեց դասը ուսուցչուհին խոստանալով, որ նման հետաքրքիր դասերը կլինեն շարունակական: